38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընտրություններում փողի գործոնը մեծ է լինելու

Ընտրություններում փողի  գործոնը մեծ է լինելու
20.04.2012 | 00:00

«ՀՅԴ-ի քարոզարշավն ամենագրագետն է ու որակյալը, քանի որ թիմային պայքար են տանում»,- երեկ «Իրատես de facto» ակումբում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ, իսկ ասուլիսից հետո, պատասխանելով մեր հարցերին, անդրադարձավ բոլոր քաղաքական ուժերի քարոզչության առանձնահատկություններին:


-ՀՅԴ-ի քարոզարշավի բացասական կողմն էլ այն է,- շարունակեց պարոն Բոզոյանը,-որ պոպուլիզմի պակաս կա, քանի որ դրանով կարող էր գրավել ավելի լայն զանգվածների: Կարծում եմ, պետական համակարգի համար նրանք շատ կարևոր դեր կարող են կատարել: ՀՀԿ-ի առնչությամբ պիտի նկատել, որ կա մի տարօրինակ տարր. ամեն տեղ հանրապետության նախագահն է գնում ու ասում` ընտրեք այսինչ մարդուն, սակայն այդ մարդուն կարծես ամաչում են կանչել, որ ասի, թե իրեն ինչու պիտի ընտրել: Արհեստական բան կա սրանում, այսինքն, խոսում է նախագահը, բայց թիմը չի երևում: Ես այն տպավորությունն ունեմ, որ նա ամաչում է թիմից: Սրանում մի տեսակ բրեժնևյան տարր կա, շունչ չկա: ԲՀԿ-ի մասով. ի տարբերություն ՀՀԿ-ի, այստեղ մի քիչ շունչ կա, ավելի բնական գործընթաց է, սակայն նրանց բացասականն էլ այն է, որ Ծառուկյանը ևս «սոլո» է հանդես գալիս, էլի թիմ չկա: ՕԵԿ-ի քարոզարշավը բավականին գրագետ է, բայց շատ պոպուլիստական: Այստեղ խնդիրն այն է, որ Արթուր Բաղդասարյանի իմիջն է շատ վատը: Եթե իր տեղը ուրիշը լիներ, ու այդ կարգախոսները մնային, այս ուժը բավականին ձայներ կհավաքեր: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ինձ համար անհասկանալի է նրանց քարոզարշավը, քանի որ ավտոբուսներով մարզեր գնալն ինձ ավելի շատ հիշեցնում է Բիլ Քլինթոնի քարոզչությունը: Փորձում են կրկնել, սակայն շատ անհաջող է ստացվում, որովհետև հաշվի չի առնվում հայաստանյան առանձնահատկությունը: 2007-ին, որպես նոր քաղաքական ուժ, հաջողություն ունեցավ, իր թիմը խորհրդարանում բավականին լավ աշխատեց: Սակայն ցուցակ կազմելիս, կարծես այդ մարդիկ խաղից դուրս եկան, իսկ նորերին մարդիկ այդքան էլ ծանոթ չեն: «Ժառանգությանը» ձայն է տալիս գրագետ զանգվածը, որը բծախնդիր է, ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է այս անգամ խնդիրներ ունենալ: ՀԱԿ-ի առնչությամբ էլ նշեմ, որ նա ևս դաշնակցության պես ծրագրերով է հանդես գալիս, խոսում է փաստարկված, սակայն կոնգրեսի իմիջն էլ անկում ապրեց, երբ երկխոսության սեղանին նստեց: Չնայած ունի գրագետ, պատրաստված թիմ, այդուհանդերձ, այդ գործընթացից Տեր-Պետրոսյանը բավականին թուլացած դուրս եկավ, իսկ Հայաստանում չեն սիրում խաբված մարդկանց:

-Շատ քաղաքական գործիչներ պնդում են, որ այս ընտրություններում գաղափարական պայքար չկա, հիմնական գործոնը փողն է: Համաձա՞յն եք:

-Միշտ էլ մեր հասարակության մեջ այդպես է եղել: 90-ականներին փողի գործոնն այդքան մեծ չէր, մարդիկ հավատում էին գաղափարներին, կուսակցություններին, որոնց դերը բավականին մեծ էր: Հայաստանը նոր էր անկախացել, ոգեղենությունը շատ էր, կար քաղաքական պայքար: 2000-ից Հայաստանում քաղաքական ուժերի գործոնը թուլացավ, մարդկանց կենսամակարդակը բարձրացավ, մարդկանց մոտ փաստարկված պայքարի տարրեր առաջացան: Այն ժամանակ այդպիսի պայքար էր տանում հատկապես ՕԵԿ-ը: 2008-ից հետո իրավիճակի վրա երկու բացասական ազդեցություն գրանցվեց՝ ֆինանսատնտեսական ճգնաժամը և վարվող տնտեսական քաղաքականությունը, որոնք մինչ այդ ձևավորված միջին դասը փլուզեցին: Սրա հետևանքով բևեռացումն ուժեղացավ, միջին խավը թուլացավ, իսկ աղքատ մարդը չի կարող լիարժեք քաղաքացի լինել, այդ արժեքներով ապրել:

-Ասել է՝ քաղաքացիական գիտակցության պակա՞ս կա: Հետաքրքիր է, որ շատերը հակառակն են պնդում:

-Այո: Քաղաքացիական գիտակցությունը հիմնականում միջին խավի «մենաշնորհն» է: Չափից դուրս հարուստներն ու չափից դուրս աղքատներն այդպիսի գիտակցությամբ չեն ապրում: Հարուստներն ապրում են բուրժուական կայֆերի մեջ, իսկ աղքատը մտածում է` ոնց անենք, որ էս հինգ հազարով էրեխեքին մի ամիս հաց առնենք: Այս հանգամանքը նպաստել է փողի դերի և բարեգործությունների քանակի մեծացմանը:

-Ինչքա՞ն կարելի է հանրությանը «կերակրել» «բարեգործություններով»` մուրաբայով, գինով ու ձվով…

-Քանի դեռ չի ձևավորվել միջին խավը, դա կարող է անվերջ ձգվել:

-Կա՞ն օբյեկտիվ պատճառներ:

-Կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր, իսկ սուբյեկտիվը՝ տնտեսական սխալ քաղաքականությունը: Արդյունքում առաջացավ «քյասիբների» մի մեծ բանակ, որը պահանջում է մի կտոր հաց, հինգ կամ տասը հազար դրամ ու բարեգործություն:

-Վերադառնալով քարոզչությանը, նկատենք, որ այսօրվա խորհրդարանական ընտրությունները, կարծես, նախագահականի նախերգանքը լինեն: Որոշ ուժեր հստակ նախագահական ընտրությունների քարոզարշավ են տանում: Նաև սա չէ՞ պատճառը, որ ինչպես Դուք նշում եք, քարոզարշավում «շունչ չկա»:

-Բնականաբար, բոլորն էլ մտածում են նախագահական ընտրությունների մասին: Օրինակ, ՀՀԿ-ն շատ լավ պատկերացնում է, որ նախագահի իր ապագա թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, այս կարծիքին է նաև ՕԵԿ-ը: ՀԱԿ-ն էլ հստակ գիտի, որ նախագահի իր թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, բայց այսօր ցանկանում է շատ ձայներ հավաքել, որ իր թեկնածուի համար առավելագույն դրական վիճակ ստեղծի: Չնայած 2005-ի փոխված Սահմանադրությամբ ԱԺ-ի դերը բավականին մեծացել է, սակայն մարդիկ սա դեռ լավ չեն պատկերացնում, ու նրանց համար կարևորը նախագահի ընտրությունն է: Սակայն, օրինակ, եթե վարչապետ կարողանա դառնալ այնպիսի մեկը, որը Սերժ Սարգսյանի համար այնքան էլ ցանկալի չլինի, Հայաստանում կարող է հետաքրքիր մթնոլորտ ստեղծվել: Այս պարագայում մարդիկ կհասկանան, որ խորհրդարանական ընտրություններով կարելի է ինչ-որ բան փոխել, որը դրականորեն կազդի երկրի զարգացման վրա:

-Փաստորեն, հասարակությունը կարևորություն չի՞ տալիս խորհրդարանական ընտրություններին:

-Հասարակությունը այս 20 տարում ականատես է եղել, որ իշխանությունը փոխվում է նախագահական ընտրություններից հետո, որովհետև նախագահի պաշտոնն է քաղաքական: Բայց հասարակությունը «չի նկատել», որ 2005-ից սահմանադրություն է փոխվել, ու եթե ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ապահովես, կարող ես քաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն ունենալ:

-Այնպիսի տպավորություն է, որ մեզ ոչ մի սահմանադրական փոփոխություն չի «փրկի», քանի որ քաղաքական դաշտը մշտական տեղապտույտի մեջ է, նույն ուժերն են, նույն դեմքերը, էլ չենք խոսում երեք նախագահների «սինդրոմի» մասին:

-Շատ առողջ հարց եք տալիս: Իսկապես, Հայաստանին պետք են նոր ուժեր, նոր դեմքեր` նոր գաղափարներով: Հայաստանը ոչ մի սպասելիք չունի այսօրվա ուժերից: Չկա այն ուժը, որ կարողանա խաղի կանոններ փոխել, մարդիկ էլ ոգևորված գնան նրա հետևից: Հասարակությունը հոգնել է այս խժդժություններից, կուլիսային պայքարներից, որոնք սոցիալական խնդիրների լուծման չեն բերում:

Զրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ